Ժամանակագրություն

"Հովեր" կամերային երգչախումբ

Խմբավար Սոնա Հովհաննիսյան

"Հովեր" կամերային երգչախումբը հիմնադրվել է 1992թ.:

Երգչախումբն ստեղծվել է անհատական նախաձեռնությամբ, առանց որևէ հովանավորության կամ պատվերի:

Իր առաջին իսկ ելույթից երգչախումբը ներկայացել է որպես հայ խմբերգային երաժշտության ինքնուրույն մի տեսակ, բաց ցանկացած ժանրի և ոճի համար` սերտաճած եվրոպական խմբերգային արվեստի հետ: Երգչախումբը  սկզբունքայնորեն կարևորում է փորձարարությունն ու նորարարությունը, տարբեր արվեստների սինթեզը նույնիսկ ամենաավանդական ակադեմիական ծրագրերում:

1996թ. "Հովեր"-ը և պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը իրականացրեցին Բ. Բրիտենի "Գթասրտության կանտատ"-ի պրեմիերան (դիր.` Կ. Դուրգարյան):

1996թ. "Հովեր"-ը ձայնագրել է իր առաջին ձայնասկավառակը` Լ. Բազիլի հոգևոր խմբերգերը:

1997թ. ձայնասկավառակին հաջորդեց երգչախմբի մասնակցությունը Արեցցոյի (Իտալիա) միջազգային խմբերգային մրցույթ-փառատոնին և համերգը Վենետիկի Ս. Ղազար կղզում:

1996-1997թթ. "Հովեր"-ը իրականացրեց Ի. Ս. Բախի "Չարչարանքներ ըստ Հովհաննու" և "Չարչարանքներ ըստ Մատթեոսի" օրատորիաների ամբողջական պրեմիերաները (դիր.`Զ. Վարդանյան):

1999թ. "Հովեր"-ը մասնակցեց Տուրի (Ֆրանսիա) խմբերգային մրցույթ-փառատոնին` դառնալով միջազգային մրցույթների կրկնակի դափնեկիր:

Այդ տարիներին "Հովեր"-ն իր համերգային ծրագրերում կատարում էր Բրիտտենի, Հինդեմիթի, Մեսիանի, Օնեգերի, Պուլենկի, Շյուտցի, Պյորսելի, Ստրավինսկու, Բրամսի և այլ արևմտաեվրոպական հեղինակների ստեղծագործությունների պրեմիերաներ, ինչպես նաև մի շարք հայ կոմպոզիտորների (Ա. Ղազարյան, Վ. Մանուկյան, Ա. Ոսկանյան) նորաստեղծ գործեր և հայ խմբերգային արվեստի երախտավորներ` Կոմիտասի ու Եկմալյանի խմբերգերը:

Այս տարիներին "Հովեր"-ը հանրությանը ներկայացրեց կոմիտասյան պարերգերի իր առաջին բեմադրության փորձերը:

1999թ. ձմռանը "Հովեր"-ը "Գոյ" փորձարարական թատրոնում ներկայացրեց "Սուրբ Ծննդի երգեր" խորագրով համերգ-ներկայացումը ստվերների թատրոնի համադրմամբ (ռեժ.`Ա. Մանուկյան):

2000թ.-ը "Հովեր"-ին բերեց մեծ հաջողություն: Երգչախումբը մասնակցեց Լինցի (Ավստրիա) առաջին համաշխարհային խմբերգային օլիմպիադային և 300-ից ավելի երգչախմբերի շարքում արժանացավ ոսկե մեդալի: Այս հաջողությունը խրախուսվեց ամերիկահայ մի խումբ երաժշտասերների կողմից, որոնք օգնեցին "Հովեր" երգչախմբին իրականացնել իր ստեղծագործական ծրագրերը: Ձայնագրվեցին "Armenian Voices" և "Վեց առակ" ձայնասկավառակները:

2003թ. առաջին անգամ հայ իրականության մեջ "Հովեր"-ը հանդես եկավ ժանրային նոր նախաձեռնությամբ, որը երաժշտագետները անվանեցին "խմբերգի թատրոն": Դա Վ. Այգեկցու վեց առակների խմբերգային բեմադրությունն էր (երաժշտ.` Ստ. Բաբաթորոսյանի, ռեժ.` Ա. Մանուկյան): "Վեց առակ" ձայնասկավառակը արժանացավ ամերիկյան "Music awards"-ի, ինչպես նաև ամերիկյան "Մենք բոլորս միասին ենք" մրցանակաբաշխությունների "Լավագույն խմբերգային ներկայացում" մրցանակներին:

Այդ տարիներին "Հովեր"-ը "Վեմ" ռադիոկայանի համար ձայնագրեց միաձայն շարականներ և թողարկեց "Ճանապարհ" ձայնասկավառակը:

"XXI-ի հեռանկարներ" միջազգային փառատոնի շրջանակներում "Հովեր"-ը կատարեց  Ստ. Ռոստոմյանի սիմֆոնիան "Լոնդոն Սինֆոնիետա" նվագախմբի հետ (դիր.` Դիեգո Մասսոն):

2003թ. երգչախումբը հանդես եկավ համերգներով Անգլիայում և Շոտլանդիայում` համագործակցելով Նոել Օ'Ռիգանի ղեկավարած էդինբուրգյան երգչախմբի հետ, իսկ մեկ տարի անց, 2004թ. հյուրընկալեց նրանց Հայաստանում: Միացյալ Թագավորությունում կայացած համերգաշարը ավարտվեց լոնդոնյան համերգով, որը նվիրված էր Հայաստանի Հանրապետության անկախության տարելիցին:

Այդ տարիներից սկսած "Հովեր"-ը մասնակցում է ֆիլհարմոնիկ նվագախմբի և նրա գեղ. ղեկ. և գլխավոր դիրիժոր Էդ. Թոփչյանի հեղինակած ծրագրերին` իրականացնելով Մոցարտի և Քերուբինիի ռեքվիեմները, Պերգոլեզիի "Stabat Mater"-ը, Վ. Շարաֆյանի "Canticum Dolorosum"-ը, Բուքստեհուդեյի "Messe"-ը, Բախի թիվ 150 և թիվ 157 կանտատները, Ֆ. Պուլենկի "Stabat Mater"-ը, Դ. Հալաջյանի "Missa de Lumine"-ն, Գ. Կանչելիի "Styx"-ը, Տ. Մանսուրյանի "Requiem"-ը, Ռ. Ամիրխանյանի "Սիրո կանտատ"-ը, տարբեր տարիներին մասնակցելով "Սևիլյան սափրիչ", "Պայացներ", "Մադամ Բատերֆլայ", "Եվգենի Օնեգին", "Գեղջկական պատիվ", "Անուշ", "Արծվաբերդ", "Կրակե օղակ", "Տոսկա" օպերաների բեմադրություններին և համերգային կատարումներին:

2005թ. "Հովեր"-ը բացօթյա համերգով մասնակցեց Ա. Տերտերյանի 6-րդ սիմֆոնիայի կատարմանը "Կասկադ" համալիրում (դիր.`Ռ. Ասատրյան):

2005թ. Ջ. Նելսոնի ղեկավարությամբ միացյալ երգչախմբերի կատարմամբ հնչեցին Մոցարտի "c-moll Messe" և մեկ տարի անց Բեթհովենի "Missa Solemnis" ստեղծագործությունները:

2006, 2007թթ. "Հովեր"-ը ձայնագրել է Կոմիտասի արական կազմի համար գրված "Սուրբ Պատարագ"-ը և կոմիտասյան "Աշխարհիկ խմբերգեր" ձայնասկավառակները, որոնք թողարկվել են Սթենֆորդի համալսարանի "The Flora Family Foundation" բարեգործական հիմնադրամի հովանավորությամբ` ազգային արժեքների պահպանման ծրագրի շրջանակներում: Սկավառակների մի զգալի բաժինն անվճար հատկացվել է մի շարք կարևորագույն հոգևոր կենտրոնների, համալսարանների, գրադարանների, միջազգային կազմակերպությունների, տեղեկատվական կենտրոնների և եկեղեցիների:

Այդ տարիներից "Հովեր"-ի կազմակերպչական և միջազգային հարցերով զբաղվում է երգչախմբի մենեջեր Ա. Պադարյանը, որի ջանքերի շնորհիվ տարեցտարի էլ ավելի է ամրապնդվում երգչախմբի միջազգային ճանաչումը:

2006թ. "Հովեր" երգչախումբը մեկնեց Ֆրանսիա, Հայաստանի մշակույթի օրերի շրջանակներում ներկայացնելով Հայաստանի խմբերգային արվեստը: Այս շրջագայության ընթացքում "Հովեր"-ը համագործակցել է “Musicatraize” մեծահամբավ վոկալ անսամբլի հետ (դիր.`Ռ. Հայրաբեդյան):

2007թ. "Հովեր"-ը դաշնակահարուհի Սվ. Նավասարդյանի հետ ներկայացրեց Ռոսինիի "Petite Messe Solennelle" ստեղծագործությունը: (դիր.` Ս. Շահիջանյան):

2007թ. "Հովեր"-ը մասնակցել է "Gaude Mater" և "Logos" հոգևոր խմբերգային երաժշտության փառատոններին (Լեհաստան):

2007թ. "Հովեր"-ը համագործակցել է գերմանական "Collegium Vocale" երգչախմբի հետ` իրականացնելով "Հովեր"-ի 12 համերգները Գերմանիայի մի շարք քաղաքներում:

2008թ. "Հովեր"-ը հյուրընկալեց Համբուրգի երգչախմբին (դիր.` Կորնելիուս Տրանտով): Դիլիջանում կազմակերպվեց սեմինար` նվիրված հայ հոգևոր և աշխարհիկ երաժշտությանը:

Նույն տարվա վերջին Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ, միացյալ երգչախմբի կազմում "Հովեր"-ը հանդես եկավ համերգով ԱՄԷ-ում, Դուբայ (դիր.` Բրեդ Քոհեն):

Բեղուն եղավ համագործակցությունը "Երևանյան հեռանկարներ" փառատոնի հետ: Այս փառատոնը հնարավորություն տվեց երգչախմբին շփվելու համաշխարհային մեծանուն, ժամանակակից կոմպոզիտորների հետ` իրականացնելով նրանց ստեղծագործությունների երևանյան պրեմիերաները:

Ա. Մուստոնենի ղեկավարությամբ կատարվեց Գ. Կանչելիի "Styx"-ը (մենակատար՝ Գ. Կրեմեր):

2008թ. կատարվեց Ռ. Շչեդրինի "Запечатленный ангел" ռուսական պատարագը:

2009թ. կատարվեցին Ք. Պենդերեցկու "Դավթի սաղմոսներ", "Սուրբ Ադալբերթի հիմնը"  (դիր.` Մ. Կլաուզա) և մի շարք հոգևոր խմբերգեր:

Դ. Գերինգասի ղեկավարությամբ հնչեց Բ. Կուտավիչյուսի "Երուսաղեմի դարպասներ" ստեղծագործությունը:

2010թ. Ռ. Շերվենիկասի ղեկավարությամբ կատարվեցին Ս. Գուբայդուլինայի "Ձոն արևին" և "Նորից, միշտ ձմեռ" ստեղծագործությունները:

Գուբայդուլինայի, Շչեդրինի, Կանչելիի, Պենդերեցկու, Կուտավիչյուսի "Հովեր"-ին տրված գնահատականները բնութագրում են երգչախմբին:

2008թ. "Հովեր"-ի գեղարվեստական ղեկավար և խմբավար Սոնա Հովհաննիսյանը արժանացավ մշակույթի նախարարության ոսկե մեդալի, իսկ 2010-ին` արվեստի վաստակավոր գործչի կոչման:

2009թ. "Հովեր" կամերային երգչախմբին շնորհվեց պետական կարգավիճակ: Մշակույթի նախարարության հետ մշտական ակտիվ աշխատանքը երգչախմբին հաղորդել է կայուն առաջընթաց:

Մշակույթի նախարարության պատվերով իրագործվեց և տեսագրվեց "Հովեր"-ի նոր` "Զուգահեռ" խմբերգային ներկայացումը (երաժշտ.` Ա. Ազիզյանի, ռեժ.` Ա. Մանուկյան, "Գոյ" փորձարարական թատրոնի բեմում): Ներկայացումը 2009թ. արժանացավ "Տարվա լավագույն երաժշտական նախագիծ" մրցանակին:

2010թ. մայիսին "Հովեր" երգչախումբը Մոսկվայում (Ռուսաստան) մասնակցել է Վալերի Գերգիևի "Զատկի փառատոնին":

2010թ. նոյեմբերին "Հովեր" երգչախումբը հանդես է եկել Ֆրանսիական "Polyfollia" պրոֆեսիոնալ երգչախմբերի ստուգատես–փառատոնին, ինչպես նաև ինքնատիպ ելույթով հանդես է եկել Փարիզի "St. Eustache" տաճարում հայտնի վիրտուոզ տաբլահար Տրիլոկ Գուրտուի հետ:

2011թ. "Հովեր" երգչախումբը համերգներով հանդես է եկել "La Fabbrica del Canto" պրոֆեսիոնալ երգչախմբերի ստուգատես–փառատոնին, ինչպես նաև Միլանի "Teatro Dal Verme" հեղինակավոր համերգասրահում:

2011թ.-ից "Հովերը" ակտիվորեն աշխատում է կամերային երաժշտության ազգային կենտրոնի կազմում:

"Հովեր" երգչախմբը 2012թ. հանդես է եկել աշխարհահռչակ տենոր Անդրեա Բոչելիի հետ համատեղ համերգում (միացյալ երգչախմբի կազմում):

2012թ. "Հովեր" երգչախմբի մենակատարներից ձևավորվեց "Armenian Voices" անսամբլը: Նույն թվականին անսամբլը համերգներով հանդես եկավ Գերմանիայում և Ֆրանսիայում, արձանագրելով աննախադեպ հաջողություն Փարիզի "Cité de la Musique" համերգասրահում:

2012թ. նշանավորվել է նաև "Bach & Beatles" համերգային ծրագրով:

2012թ. "Հովեր"-ը տոնեց իր գործունեության 20-ամյակը` արժանանալով մշակույթի նախարարության ոսկե մեդալի:

2013թ.-ից "Հովեր" պետական կամերային երգչախմբի գլխավոր հովանավորությունն ստանձնեց ՎիվաՍել-ՄՏՍ-ը (գլխավոր տնօրեն Ռ. Յիրիկյան): Այս հանգամանքը երգչախմբի համար նոր, կարևորագույն փուլ հանդիսացավ` խթանելով նրա ստեղծագործական գործունեությանը, պայմաններ ստեղծելով իր մտահղացումների և ծրագրերի լիարժեք և բազմակողմանի իրագործման համար: Սա որակական նոր մակարդակ հաղորդեց "Հովեր" կամերային երգչախմբի գործունեությանը:

2013թ. "Հովեր"-ը մասնակցեց "Անուշ" օպերայի նոր բեմադրությանը (ռեժ.՝ Սերժ Ավետիքյան, դիր.՝ Վահան Մարտիրոսյան), որի պրեմիերաները կայացան Երևանի Գ. Սունդուկյանի անվ. և Փարիզի "Nanterre-Amandiers" թատրոններում:

2013թ. "Armenian Voices" անսամբլը համերգներով հանդես եկավ Թայվանում "Թայվանի միջազգային խմբերգային երաժշտության փառատոնի" շրջանակներում: Նույն թվականի դեկտեմբերին "Armenian Voices" անսամբլը մենահամերգով հանդես եկավ Բրեստի (Ֆրանսիա) "Le Quartz" համերգասրահում:

2013թ. "Հովեր" երգչախումբը մենահամերգով մասնակցեց Մեխելեն քաղաքի (Բելգիա) "Festival van Vlaanderen" միջազգային հոգևոր խմբերգային երաժշտության փառատոնին:

2013թ. դեկտեմբերին "Հովեր" երգչախումբը Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ համատեղ կատարեց Կ. Սեն-Սանսի "Սուրբ Ծննդյան Օրատորիա" ստեղծագործությունը (դիր.` Վ. Մարտիրոսյան):

"Հովեր"-ը աշխատել է "Արարատ" (ռեժ.՝ Ա. Եգոյան), "Արտույտների ագարակը" (ռեժ.՝ Տավիանի եղբայրներ), "Նամուս" ("Arte" ստուդիայի վերականգնված տարբերակ), "Թևանիկ" (ռեժ.՝ Ջ. Ավետիսյան) և մի շարք այլ ֆիլմերի երաժշտության ձևավորման վրա: 2015թ. սեպտեմբերին "Հովեր"-ը ձայնագրեց Կոմիտասի Պատարագից "Գոհանամք" հատվածը` հոլիվուդյան "Խոստում" ֆիլմի համար (ռեժ.՝ Թերրի Ջորջ):

Իր գործունեության բոլոր տարիներին "Հովեր"-ը մեծ տեղ է հատկացրել հայ ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործություններին (Է. Միրզոյան, Է. Հովհաննիսյան, Ե. Երկանյան, Վ. Աճեմյան, Վ. Շարաֆյան, Ա. Բոյամյան, Ա. Ավանեսով, Ա. Ոսկանյան, Վ. Մանուկյան, Ա. Ազիզյան, Ս. Բաբաթորոսյան, Ս. Աղաջանյան, Ա. Ղազարյան և այլոք):

2014թ. հունվարի 15-ին կամերային երաժշտության ազգային կենտրոնում կայացավ "Հովեր"-ի մենահամերգը՝ նվիրված Ք. Պենդերեցկու 80-ամյակին:

2014թ. հունվարի 30-ին "Հովեր"-ը ելույթ ունեցավ Արամ Խաչատրյան համերգասրահում կայացած հուշ-երեկոյի՝ նվիրված Արցախի հերոս Պետրոս Ղևոնդյանի 50-ամյակին:

2014թ. փետրվարի 11-ին և 13-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կայացավ Պուչինիի "Տոսկա" օպերայի համերգային կատարման պրեմիերան՝ "Հովեր"-ի, Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի և մենակատարների կատարմամբ:

2014թ. փետրվարի 21-ին "Հովեր"-ը ելույթ ունեցավ Ա. Մազմանյանի  անվան "Գոյ" բեմարվեստի ազգային փորձարարական կենտրոնում կայացած հուշ-երեկոյի՝ նվիրված հիմնադիր ռեժիսորի հիշատակին:

2014թ. փետրվարի 27-ին "Հովեր"-ն իր մասնակցությունն ունեցավ կամերային երաժշտության ազգային կենտրոնում կայացած Լ. Զաքարյանի հուշ-երեկոյին:

2014թ. մարտի 30-ին "Հովեր"-ը մենահամերգով մասնակցեց կամերային երաժշտության ազգային կենտրոնում կայացած Ռ. Մելիքյանի անվ. հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնին (դիր.՝ Լ. Եդիգարյան):

2014թ. ապրիլի 22-ին "Հովեր"-ի մասնակցությամբ Մոսկվայի Տանը կայացավ համերգ՝ նվիրված Սուրբ Զատիկին:

2014թ. մայիսի 4-ին "Հովեր"-ը մեկնեց Մոսկվա (Ռուսաստան): Վ.Գերգիևի "Զատկի Փառատոն"-ի շրջանակներում համերգներ կայացան Դիմիտրովի "Վերափոխման" տաճարում, Մոսկվայի "Սուրբ Երրորդության" եկեղեցում  և  մանկական վերականգնողական կենտրոնում: Փառատոնի փակման գալա համերգը կայացավ Մոսկվայի Պ. Չայկովսկու անվ. դահլիճում:

2014թ. մայիսի 13-ին "Հովեր"-ը մասնակցեց Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայացած "Հայակ" կինոփառատոնի մրցանակաբաշխության համերգին:

2014թ. մայիսի 16-ին Բյուրականում կայացավ "Հովեր"-ի համերգը "Երևանյան հեռանկարներ"  միջազգային փառատոնի շրջանակներում Երևան ժամանած պատվավոր հյուրերի համար:

2014թ. հունիսի 3-ին Ա.Բաբաջանյան համերգասրահում "Հովեր"-ը մասնակցեց ՁԻԱՀ-ով հիվանդ երեխաների բուժման համար կազմակերպված բարեգործական համերգին:

2014թ. հունիսի 18-ին "Armenian Voices" անսամբլը մեկնեց Թբիլիսի (Վրաստան) մասնակցելու Շ. Ռուսթավելու անվ. պետական դրամատիկական թատրոնում կայանալիք համերգ–ներկայացմանը՝ նվիրված Սայաթ-Նովայի 300-ամյակին:

2014թ. հունիսի 21-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի ունեցավ "Հովեր"-ի մասին "Հ1" Հայաստանի Հանրային հեռուստաընկերության հաղորդման նկարահանում:

2014թ. հունիսի 24-ին "Հովեր"-ը բացօթյա համերգով հանդես եկավ Կարապի լճում "Ֆրեսկո" հոգևոր ֆիլմերի փառատոնի շրջանակներում:

2014թ. հունիսի 28-ին կամերային երաժշտության ազգային կենտրոնում կայացավ "Հովեր"-ի մենահամերգը` "100 համերգ հայոց ցեղասպանության նահատակների հիշատակին" ծրագրի շրջանակներում: (դիր.՝ Ն. Շիշմանյան):

2014թ. սեպտեմբերի 1-ին Շուշիում կայացավ Ա.Տերտերյանի "Կրակե օղակ" օպերայի բացօթյա ներկայացումը "Հովեր"-ի, Հայաստանի պետ. կամերային երգչախմբի, օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի նվագախմբի հետ համատեղ (բեմադրություն՝ Մ. Սահակյան, դիր.՝ Ռ. Ասատրյան):

2014թ. սեպտեմբերի 26-ին և հոկտեմբերի 8-ին "Հովեր"-ը երկու ելույթով հանդես եկավ "Կոմիտասյան օրեր"` Կոմիտասի 145-ամյակին նվիրված փառատոնին` Արամ Խաչատրյան համերգասրահում և կամերային երաժշտության ազգային կենտրոնում:

2014թ. հոկտեմբերի 12-ին "Հովեր"-ն իր մասնակցությունն ունեցավ Էջմիածնում կայացած Գևորգյան ճեմարանի 140-ամյակին նվիրված համերգային ծրագրին:

2014թ. նոյեմբերի 4-ին "Հովեր"-ը մենահամերգով հանդես եկավ կամերային երաժշտության ազգային կենտրոնում:

2014թ. նոյեմբերի 10-ին "Հովեր"-ը մասնակցեց Ալ. Սպենդիարյանի անվ. օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կազմակերպված հոբելյանական համերգին՝  նվիրված Տ. Մանսուրյանի ծննդյան 75-ամյակին:

2014թ. նոյեմբերի 21-ին Ա. Բաբաջանյանի անվ. համերգային դահլիճում "Հովեր"-ը մասնակցություն ունեցավ Սեպուհ զորավարի հիշատակի միջոցառմանը:

2014թ. դեկտեմբերի 5-ին "Հովեր"-ը մենահամերգով հանդես եկավ կամերային երաժշտության ազգային կենտրոնում:

2014թ. դեկտեմբերի 6-ին "Հովեր"-ը ելույթ ունեցավ Արամ Խաչատրյան համերգասրահում կազմակերպված երգչախմբային արվեստի միջազգային օրվան նվիրված համերգին:

2014թ. դեկտեմբերի 9-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կայացավ "Հովեր"-ի հանդիպումը հանրահայտ անգլիացի ռեժիսոր Թոնի Պալմերի հետ:

2014թ.-ը եզրափակվեց դեկտեմբերի 9-ի "Հովեր"-ի ելույթով Ալ. Սպենդիարյանի անվ. օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում` "Տերտերյան-Ֆեստ" փառատոնի շրջանակներում:

2015թ.-ի "Հովեր" պետական կամերային երգչախմբի բոլոր համերգները Հայաստանում և նրա սահմաններից դուրս նվիրված էին Հայոց եղեռնի զոհերի հիշատակին:

Տարվա առաջին ուղևորությունն սկսեց "Armenian Voices" անսամբլը` հանդես գալով "Հովեր սեպտետ" անվան տակ: Հունվարին անսամբլը մեկնեց Ֆրանսիա: Համերգներ կայացան Նանտի "Theatre Municipal de Reze" թատրոնի բեմահարթակում և Գիլերի "Սուրբ Վալենտին" եկեղեցում:

Նույն ամսին "Հովեր սեպտետը" մասնակցեց "MustonenFest" միջազգային փառատոնին, հանդես գալով չորս մենահամերգով Էստոնիայի Յիխվի քաղաքի կամերային երաժշտության սրահում, Պյառնուի համերգային դահլիճում, Տալինի "Սուրբ Նիկողոս" եկեղեցում և Սանկտ Պետերբուրգի (Ռուսաստան) "Սուրբ Հովհաննես" եկեղեցում:

Այս տարի, երգչախմբի գործունեության 23-րդ տարում, թողարկվեց "23 խմբերգ" ձայնասկավառակը, որը թվով 7-րդն է: Ձայնասկավառակում ամփոփված են Կոմիտասի, Սյունիի և 20 ժամանակակից հայ կոմպոզիտորների խմբերգեր: Ձայնասկավառակը թողարկվել է երգչախմբի նախորդ տարվա համերգների եկամուտներով: Շնորհանդեսը կայացավ փետրվարի 16-ին, կամերային երաժշտության ազգային կենտրոնում:

2015թ. փետրվարին "Բրեվիս" ստուդիայում "Հովեր"-ի մասնակցությամբ ձայնագրվեց Գոռ Սուջյանի եղեռնին նվիրված "Separated" ստեղծագործությունը:

2015թ. մարտին "Հովեր" երգչախումբը մասնակցեց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված մեդիաֆորումի համերգային ծրագրին:

Նույն ամսին Էլժբետա Պենդերեցկու հրավերով "Հովեր"-ը մեկնեց Լեհաստան, մասնակցելու "19th Ludwig van Beethoven Easter Festival" փառատոնին: Համերգներ կայացան Վարշավայում՝ թագավորական ամրոցում, Վրոցլավի "Սուրբ Խաչ" եկեղեցում, Լյուբլինի ամրոցում, ինչպես նաև Լուսլավիցե քաղաքի Ք. Պենդերեցկու անվան եվրոպական երաժշտության կենտրոնում: Երգչախումբը պատիվ ունեցավ նաև հյուրընկալվելու մաեստրո Պենդերեցկու առանձնատանը:

2015թ. ապրիլի 14-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում կայացավ "Հովեր"-ի մենահամերգը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

2015թ. ապրիլի 24-ին մշակույթի նախարարության հանձնարարությամբ "Հովեր սեպտետ"-ը Վիլնյուսի (Լիտվա) մայր տաճարում մասնակցեց հայ-լիտվական էկումենիկ Պատարագին՝ նվիրված Հայոց եղեռնի զոհերի հիշատակին: "«Հովեր սեպտետը" մասնակցեց նաև Վիլնյուսի կենտրոնական հրապարակում կազմակերպված ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված հանրահավաքին:

2015թ. ապրիլի 28-ին "Հովեր"-ը ելույթ ունեցավ Ալ. Սպենդիարյանի անվ. օպերայի և բալետի ազգային թատրոնում կայացած Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համերգին:

Մայիսի սկզբին "Հովեր"-ը մեկնեց Ամերիկայի Միացյալ Նահանգներ:

2015թ. մայիսի 7-ին երգչախումբը մասնակցեց Վաշինգտոնի (ԱՄՆ) ազգային տաճարում (Washington National Cathedral) կազմակերպված միջկրոնական արարողությանը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, Գարեգին Բ Վեհափառ Հայրապետի, Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոս Արամ Առաջինի, մի շարք քրիստոնեական կոնֆեսիաների ներկայացուցիչների, նախարարների և այլ բարձրաստիճան պաշտոնյաների և պատվավոր հյուրերի մասնակցությամբ:

2015թ. մայիսի 8-ին Վաշինգտոնի (ԱՄՆ) “Strathmore Hall” դահլիճում Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի և մի շարք երաժիշտ-կատարողների մասնակցությամբ կայացավ համերգ` նվիրված Մեծ եղեռնի 100-ամյա տարելիցին: "Հովեր"-ի ծրագրում հնչեցին կոմիտասյան խմբերգեր, հատվածներ Տիգրան Մանսուրյանի "Requiem"-ից: Համերգը եզրափակվեց "Կիլիկիա" երգի միասնական կատարումով: (դիր. Է. Թոփչյան)

2015թ. մայիսի 9-ին Վաշինգտոնի (ԱՄՆ) "Basilica of the National Shrine of the Immaculate Conception" տաճարում Գարեգին Բ Կաթողիկոսը Սուրբ Պատարագ մատուցեց Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին: Հնչեց Մ. Եկմալյան – Խ.Մէյխանեճեանի "Սուրբ Պատարագ"-ը "Հովեր"-ի և ԱՄՆ-ի տարբեր նահանգներից ժամանած հայկական եկեղեցիների երգչախմբերի կատարմամբ: 

2015թ. մայիսի 10-ին Վաշինգտոնի "Սուրբ Մարիամ" եկեղեցում Պատարագ մատուցվեց: Մ. Եկմալյանի երաժշտությունը հնչեց "Հովեր"-ի և Խորեն Մեյխանեճյանի երգչախմբի կատարմամբ (դիր.՝ Խ. Մեյխանեճյան):

2015թ. մայիսի 26-ին "Քեզ հետ, Հայաստան" համերգաշարի շրջանակներում հանրահռչակ դաշնակահար Եվգենի Կիսինի նախաձեռնությամբ Նյու Յորքի (ԱՄՆ) "Carnegie Hall" հանրահայտ համերգասրահի Իսահակ Ստեռնի անունը կրող դահլիճում տեղի ունեցավ հիշատակի համերգ, որտեղ կայացավ Քշիշտոֆ Պենդերեցկու "Դավթի 3-րդ սաղմոս" ստեղծագործության պրեմիերան՝ նվիրված Հայոց ցեղասպանության ոգեկոչմանը: Սաղմոսի առաջին կատարման իրավունքը հեղինակը շնորհել էր "Հովեր" երգչախմբին:

2015թ. մայիսի 27-ին "Հովեր սեպտետ"-ը մասնակցեց "Book Expo America" միջազգային ցուցահանդեսի տաղավարի բացմանը Նյու Յորքում (ԱՄՆ):

"Հովեր"-ի առաջընթացին արձագանքել են հայ և արտասահմանյան մամուլը:

"The New York Times" օրաթերթի թղթակից Էնթոնի Թոմասինին գրել է. "Տպավորիչ "Հովեր" կամերային երգչախումբը, Սոնա Հավհաննիսյանի ղեկավարությամբ, իրապես բավականություն պատճառեց համերգի առաջին բաժնում: Կոմիտասի խմբերգերը հնչեցին սահուն և ինքնահաստատ, եռանդուն և ներքին թաղծոտ երանգներով":

Իսկ Ռորիան Շրեյդը գրեց՝ Վաչե Շարաֆյանի "Ջրվեժի երաժշտությունը" խմբերգը հնչեց  սահուն և տպավորիչ: Պատկերավոր էր Տիգրան Մանսուրյանի "Ծիածանը", էքսցենտրիկ և մոդեռն հնչեց Աննա Ազիզյանի "Աղվեսը": Քշիշտով Պենդերեցկու "Դավթի սաղմոսը", որ նվիրված է հայոց ցեղասպանության  100-ամյա տարելիցին, համաշխարհային պրեմիերա էր, այն հնչեց ալեկոծ, լի հավատքով և ցասմամբ... "Հովեր" երգչախումբը ներկայացրեց ստեղծագործությունը հզոր և արտահայտիչ էքսպրեսիայով: Համերգը անկասկած շատ երեժշտական դռներ բացեց":

2015թ. հունիսի 6-ին Կաննում (Ֆրանսիա) "MIDEM" միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում "Հովեր"-ը մենահամերգով հանդես եկավ բողոքական "Eglise Unie de Cannes" եկեղեցում: Համերգի ծրագրում հնչեցին հայ դասական և ժանակակից կոմպոզիտորների և արևմտաեվրոպական հեղինակների ստեղծագործություններ: Համերգին ներկա էր մաեստրո Քշիշտոֆ Պենդերեցկին:

Նույն օրը, հունիսի 6-ին, "Հովեր սեպտետը" ելույթ ունեցավ օրվա ամփոփիչ արարողության ժամանակ, որին ներկա էին ՀՀ նախագահը, նախարարներ, Քշիշտոֆ Պենդերեցկին, Շառլ Ազնավուրը և մի շարք պատվավոր հյուրեր:

2015թ. հուլիսի 14-ին հանրային ռադիոյի ստուդիայում "Հովեր" երգչախմբի կատարմամբ ձայնագրվեց Հայաստանի Հանրապետության օրհներգը` Վ. Բաբլոյանի և Ա. Մանուկյանի մշակմամբ:

2015թ. հուլիսի 12-ին "Հովեր"-ը մասնակցեց "Ոսկե Ծիրան" միջազգային կինոփառատոնի բացման արարողությանը՝ իր կատարմամբ լրացնելով Հայոց Ցեղասպանությանը նվիրված առաջին խաղարկային համր ֆիլմի հատվածները:

2015թ. օգոստոսի 8-ին "Հովեր"-ը հանդես եկավ ֆիլհարմոնիկ նվագախմբի և կամերային երչախմբի հետ համատեղ բացօթյա համերգով Բեյթեդդինի (Լիբանան) "Արվեստների Փառատոն"-ի շրջանակներում: Հնչեց Մոցարտի "Requiem"-ը: Համերգին մասնակցում էր նաև ջութակահար Սերգեյ Խաչատրյանը (դիր.՝ Է. Թոփչյան):

2015թ. օգոստոսի 26-ին Շվեյցարիայի Սյոն քաղաքում "The International Music Festival of Sion Valais" փառատոնի  շրջանակներում կայացավ Վաչե Շարաֆյանի "Կյանք հարատև" կանտատի պրեմիերան դաշնամուրային կվինտետի և երգչախմբի համար: Ստեղծագործությունը գրված է փառատոնի պատվերով և նվիրված է հայոց եղեռնի տարելիցին:

2015թ. սեպտեմբերի 14-20-ը երգչախումբը երկու մենահամերգով մասնակցեց "Emilia-Romagna" փառատոնին Լյուբլյանայի (Սլովենիա) ֆիլհարմոնիկ դահլիճում և Ֆորլիի (Իտալիա) "Սուրբ Ջակոմո" եկեղեցում, ինչպես նաև "Sudtirol" փառատոնին Մերանոյի (Իտալիա) Լանա դի Սոտտո շրջանի հայտնի "Մարիա Ասունտա" եկեղեցում:

2015թ. սեպտեմբերի 28-ին "Հովեր"-ը մասնակցեց Արամ Խաչատրյան համերգասրահում կայացած գալա համերգին` Սրբալույս Մյուռոնի օրհնության առթիվ: Հնչեցին Մ. Եկմալյանի "Տերունական աղոթք"-ը և Ե. Երկանյանի "Սրբոց նահատակաց" շարականը՝ փոխադրված երգչախմբի և նվագախմբի համար:

2015թ. հոկտեմբերի 1-ին "Հովեր"-ի մասնակցությամբ կայացավ Վ. Շարաֆյանի "Կյանք հարատև" կանտատի երևանյան պրեմիերան` "Երևանյան 9-րդ միջազգային երաժշտական փառատոն"-ի շրջանակներում (դիրիժոր՝ Է. Թոփչյան):

2015թ. հոկտեմբերի 3-ին "Հովեր"-ը մասնակցեց Գերմանիայի Դաշնության դեսպանատանը կայացած միջոցառմանը՝ նվիրված Գերմանիայի միասնության օրվան:

2015թ. հոկտեմբերի 4-ին կամերային երաժշտության ազգային կենտրոնում "Հովեր"-ը ելույթ ունեցավ Կոմիտասյան փառատոնի շրջանակներում:

2015թ. հոկտեմբերի 7-ին կայացավ "Հովեր"-ի մենահամերգը "Գոյ" փորձարարական թատրոնում:

2015թ. հոկտեմբերի 9-ին "Հովեր"-ը ելույթ ունեցավ ոսկերիչ–դիզայներ Նուռի անհատական ցուցահանդեսի բացման ժամանակ:

2015թ. հոկտեմբերի 10-ին "Հովեր"-ը փոքր ելույթով ողջունեց մաեստրո Շառլ Ազնավուրին "Ֆլորենս" ռեստորանային համալիրում կայացած միջոցառման ժամանակ, որտեղ ներկա էին ՀՀ նախագահը, Վահափառ Հայրապետը և այլ բարձրաստիճան հյուրեր:

2015թ. հոկտեմբերի 16-ին լրացել է "ՎիվաՍել-ՄՏՍ"-ի հայաստանյան գործունեության 10-ամյակը, որին երգչախումբը սիրով նվիրեց իր ամենակարևոր մենահամերգներից մեկը:

2015թ. հոկտեմբերի 29-ին "Հովեր"-ն իր մասնակցությունն ունեցավ երգչախմբային ընկերության դահլիճում կայացած համերգին, որը նվիրված էր ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, խմբավար, մանկավարժ Էմմա Ծատուրյանի 95-ամյակին:

2015թ. հոկտեմբերի 30-ին կայացավ "Հովեր"-ի մենահամերգը Գորիս քաղաքում:

2015թ. նոյեմբերի 7-ից 11-ը "Հովեր սեպտետ"-ը հանդես եկավ Ստրասբուրգի (Ֆրանսիա) "Les Sacrees Journees" ամենամյա հոգևոր երաժշտության փառատոնին: Մենահամերգներ կայացան "Grande Sinagogue-Salle Noa’h a Strasbourg" սինագոգում, "Chapelle Notre Dame a Ostwald" եկեղեցում և "Cathedrale de Strasbourg" տաճարում:

2015թ.նոյեմբերի 26-ին "Հովեր"-ը ելույթ ունեցավ "Mezzo" ակումբում "Միքայել Ոսկանյան և ընկերներ" էթնո-ջազ խմբի հետ համատեղ համերգում:

2015թ. դեկտեմբերի 2-ին "Հովեր սեպտետ"-ը և երգչախումբը հանդես եկան Կոմիտասի անվ. թանգարան-ինստիտուտում` "Արամ Խաչատրյան միջազգային փառատոն"-ի շրջանակներում:

2015թ. դեկտեմբերի 3-ին "Հովեր"-ը ներկայացավ մենահամերգով` "Հայ հոգևոր երաժշտության կենտրոն"-ի ամենամյա համերգաշարի շրջանակներում:

2015թ. դեկտեմբերի 11-ին "Հովեր"-ը փոքր ելույթով իր մասնակցությունն ունեցավ ժամանակակից արվեստի թանգարանում նկարիչ Գագիկ Չթչյանի ցուցահանդեսի բացմանը:

2015թ. դեկտեմբերի 17-ին "Հովեր"-ը  պետական կամերային նվագախմբի և երգչախմբի հետ համատեղ համերգով հանդես եկավ Կամերային երաժշտության տանը: Կատարվեց Տ. Մանսուրյանի "Requiem" ստեղծագործությունը: (դիր.` Ռ. Մլքեյան)

2015թ. դեկտեմբերի 20-ին "Հովեր սեպտետ"-ը ձայնագրեց երաժշտություն Սունդուկյանի անվան պետական թատրոնի "Պեպո" ներկայացման համար (Հեղինակ՝ Վ. Շարաֆյան):

2015թ. դեկտեմբերի 24-ին "Հովեր"-ը ելույթ ունեցավ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի կազմակերպած Սուրբ Ծննդյան տոնական համերգին: (դիրիժոր՝ Է. Թոփչյան):

2016 թվականն սկսվեց գերմանական հյուրախաղերով: "Ռեին-վոկալ-Ֆեստի" շրջանակներում "Շնորհակալություն, Գերմանիա" խորագրի ներքո կայացավ 2 համերգ, որոնք ուղղված էին Բունդեսթագի ցեղասպանության ճանաչմանը:

Այս տարիներին հայկական և արևմտաեվրոպական մամուլը բազմիցս անդրադարձել է "Հովեր" երգչախմբի գործունեությանը: 2016 թվականին մոսկովյան "Музыкальная академия" հեղինակավոր ամսագրում լույս տեսավ "Հովեր" կամերային երգչախմբին նվիրված ծավալուն հոդված (հեղինակ՝ Ս. Սարգսյան):

Մայիսի 31-ին երգչախումբը ներկայացրեց մինչև 35 տարեկան հայ կոմպոզիտորների 9 մեծածավալ պրեմիերաներ:

Սեպտեմբերի 7-ից 12-ը "Հովեր" երգչախմբի գեղարվեստական ղեկավար Սոնա Հովհաննիսյանը և մեներգիչ Լիպարիտ Ավետիսյանը մեկնեցին Լայպցիգ, աշխատելու Եվրոպայի լավագույն՝ Լայպցիգի ռադիոյի պետական կամերային երգչախմբի հետ: Հունական և բյուզանդական հոգևոր երաժշտության կողքին հնչեցին հայկական հոգևոր ստեղծագործություններ: Համերգին ներկա էին բարձրաստիճան հյուրեր, թուրքիո դեսպանը:

2016թ.-ին երգչախմբի գեղարվեստական ղեկավար Սոնա Հովհաննիսյանը պարգևատրվել է ՀՀ վարչապետի հուշամեդալով և արժանացել Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսորի գիտական կոչմանը:

2016թ. սեպտեմբերի 16-ին երգչախումբը համերգով հանդես եկավ Բյուրականի ակադեմիայում:

2016թ. սեպտեմբերի 21-ին երգչախումբը մասնակցեց ՀՀ 25-ամյակի միջոցառմանը, իսկ սեպտեմբերի 26-ին՝ "Կոմիտաս" փառատոնին:

2016թ. հոկտեմբերի 14-ին կայացավ գերմանական երաժշտության համերգ՝ Գերմանիայի առաջատար խմբավարներից մեկի՝ Ֆլորիան Հելգաթի ղեկավարությամբ, ով Երևան էր ժամանել հատուկ "Հովեր" կամերային երգչախմբի հետ աշխատելու նպատակով: Ֆլորիան Հելգաթը Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում հանդես եկավ վարպետաց դասով:

2016թ. նոյեմբերի 1-ին երգչախումբը Պետերբուրգի կոնսերվատորիայի լարային քառյակի հետ համատեղ հանդես եկավ Ալեքսանդր Մնացականյանի հոբելյանական համերգին:

2016թ. նոյեմբերի 19-ին երգչախմբի մեներգիչները մեկնեցին Գորիս՝ մարզային համերգի:

2016թ. դեկտեմբերի 11-ին երգչախումբը ներկայացավ նոր խմբերգային նախագծով: Վահագն Հայրապետյան-տրիոյի հետ համատեղ ներկայացվեցին Ապարանի ազգագրական երգերի ոչ ավանդական մշակումներ: Ապագայում պլանավորվում է այս ծրագրով հանդես գալ մարզերում, սահմանամերձ շրջաններում և արտերկրում:

Սունդուկյանի անվան մայր թատրոնը վերաբացվեց վերանորոգումից հետո "Պեպո"-ի նոր բեմադրությամբ, որի երաժշտական ձևավորման աշխատանքներին ևս մասնակցել է "Հովեր" երգչախումբը (երաժշտություն՝ Վ. Շարաֆյանի):

2017թ.-ի հունվարի 17-ին "Հովեր" երգչախումբը իրականացրեց ձայնագրություններ Մ. Ոսկանյան և ընկերներ Էթնո-ջազ խմբի "Գիշերաբանություն" նախագծի համար:

2017թ.-ի հունվարի 28-ին մասնակցություն ՀՀ բանակի տոնին նվիրված համերգին (հեղինակ՝ Ռ. Ամիրխանյան):

2017թ.-ի փետրվարի 18-ին Վ. Հայրապետյան տրիոն և "Հովեր" պետական կամերային երգչախումբը համերգով հանդես եկան Վանաձորում:

2017թ.-ի փետրվարի 22-ին Վ. Հայրապետյան տրիոն և "Հովեր" պետական կամերային երգչախումբը համերգով հանդես եկան Արամ Խաչատրյան համերգասրահում:

2017թ.-ի մարտի 10-ից 17-ը "Հովեր" երգչախմբի համերգային շրջագայության ընթացքում կայացավ համատեղ համերգ Արմեն Հյուսնունցի, Վարդան Օվսեպյանի և Վահագն Հայրապետյան-տրիոյի հետ` Նյու-Յորքի Լինքոլն կենտրոնի "Alice Tully Hall" համերգասրահում: Ելույթը նվիրված էր ՄԱԿ-ում Հայաստանյան ներկայացուցչության 25-ամյակին:

2017թ.-ի մարտի 25-ին երգչախումբը արժանացավ "Ծիծեռնակ" մրցանակաբաշխության "Տարվա լավագույն ծրագիր" մրցանակի:

2017թ.-ի ապրիլի 10-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կայացավ համերգ` նվիրված ապրիլյան պատերազմի հերոսների հիշատակին: Համերգը կայացավ ՀԱՖՆ-ի, Հայաստանի և Երևանի կամերային երգչախմբերի հետ համատեղ:

2017թ.-ի ապրիլի 17-ին` մարզային համերգ Շամշադինի Բերդ քաղաքում:

2017թ.-ի ապրիլի 18-ին` մարզային համերգ Դիլիջանում:

2017թ.-ի ապրիլի 30–ից  մայիս 4-ը` մասնակցություն Վ. Գերգիևի  "Զատկի" փառատոնին Մոսկվայում, Ռուսաստան:

2017թ.-ի մայիսի 23-ին կայացավ "Հովեր" երգչախմբի համերգը Բյուրականում ՝ նվիրված կոմպոզիտորների միության 85-ամյա հաբելյանին:

2017թ.-ի մայիսի 28-ին երգչախումբը մասնակցեց "Ավրորա" մարդասիրական նախաձեռնության արարողությանը:

2017թ.-ի հունիսի 16-ին Բյուրականում կայացավ ելույթ-հանդիպում ռուս մեծանուն դիրիժոր Վլադիմիր Ֆեդոսեևի հետ:

2017թ.-ի հունիսի 23-ին մարզահամերգային համալիրում կայացավ "Ամեն" հայրենասիրական շոու ծրագիրը` "Հովեր" երգչախմբի մասնակցությամբ:

2017թ.-ի հուլիսի 29-30՝ Կարելիայի Հանրապետության Վալաամ կղզում մասնակցել է "Просветитель" փառատոնին:

2017թ.-ի սեպտեմբերի 1՝ Շուշիում ելույթ է ունեցել "Սասունցի Դավիթ" օպերայի համաշխարհային պրեմիերային:

2017թ.-ի սեպտեմբերի 6-8 համերգներով հանդես եկավ Սանկտ Պետերբուրգի ակադեմիական կապելլայի դահլիճում:

2017թ.-ի սեպտեմբերի 9-ին մասնակցել է Հարո Ստեփանյանի "Սասունցի Դավիթ" օպերայի համաշխարհային պրեմիերային:

2017թ.-ի սեպտեմբերի 22-ին ՀԲԸՄ-ի պատվերով ՀԱՖՆ-ի հետ համատեղ մասնակցել է "Խոստում" ֆիլմին նվիրված համերգին:

2017թ.-ի սեպտեմբերի 25-ին օպերային թատրոնում համերգով նշել է "Հովեր" պետական կամերային երգչախմբի 25-ամյակը:

2017թ.-ի հոկտեմբերի 3-ին Մարիոթ հյուրանոցում ելույթ է ունեցել Գերմանիայի օրվան նվիրված  համերգի շրջանակներում:

2017թ.-ի հոկտեմբերի 8-ին Կոմիտասի թանգարանում մենահամերգով հանդես է եկել Կոմիտասի ծննդյան 148-ամյակի առթիվ:

2017թ.-ի հոկտեմբերի 24-ին "Արամ Խաչատրյան" փառատոնի շրջանակներում Հովերը մենահամերգով ելույթ է ունեցել: Ինչպես նաև իգական կազմը՝ "Լե"-ն հանդես է եկել հատուկ ծրագրով:

2017թ.-ի նոյեմբերի 5-ին Մարզահամերգային համալիրում կայացել է Երիտասարդական նվագախմբի և Կամո Սեյրանյանի համատեղ համերգը, որին մասնակցել է "Հովեր" երգչախումբը:

2017թ.-ի նոյեմբերի 8-ին Լեհաստանի Լոձ քաղաքում կայացել է "Լոգոս" փառատոնի 30-ամյակը՝ մասնակցությամբ "Հովեր" երգչախմբի: Նույն փառատոնի 20-ամյակը տոնելու առթիվ "Հովեր"-ը հրավիրվել էր նաև 10 տարի առաջ:

2017թ.-ի նոյեմբերի 15-ին Մոսկվայում "Հայաստանի օրերը Ռուսաստանում" ծրագրի շրջանակներում "Հովեր"-ը համերգով հանդես է եկել հայկական եկեղեցու ընդունելությունների սրահում (ՀՀ նախագահի Ռուսաստան այցի շրջանակներում):

2017թ.-ի նոյեմբերի 18-ին Բյուրականում մասնակցել է Մեդեա Աբրահամյանի 85-ամյակին նվիրված հոբելյանական հանդիսությանը և Սերգեյ Մանվելյանի "Մեդեա Աբրահամյան" գրքի շնորհանդեսին:

2017թ.-ի նոյեմբերի 21-ին և 23-ին համերգներով ելույթ է ունեցել Սանկտ Պետերբուրգի Էրմիտաժի թատերական սրահում և ակադեմիական կապելլայի դահլիճում:

2017թ.-ի դեկտեմբերի 13-ին մասնակցել է Լևոն Հարությունյանի հոբելյանական համերգին:

2017թ.-ի դեկտեմբերի 19-ին մասնակցել է տարեմուտի համերգին:

2018թ.-ի փետրվարի 14-ին Պենդերեցկու ծրագրով հանդես եկավ Բյուրականի ակադեմիայում:

2018թ.-ի փետրվարի 15-ին Պենդերեցկու 85-ամյակին նվիրված համերգով երգչախումբը ելույթ ունեցավ Կամերային երաժշտության տանը: Համերգին ներկա էր կոմպոզիտորը՝ Քշիշտոֆ Պենդերեցկին:

2018թ.-ի մարտի 25-ին կայացավ "Լե"-ի համերգը Կամերային երաժշտության տանը:

2018թ.-ի մարտի 30-ին ձայնագրվեց Շարաֆյանի Ռեքվիեմը:

2018թ.-ի մարտի 31-ին Օպերայի թատրոնում հանդես եկավ "Ծիծեռնակ" մրցանակաբաշխությանը, որտեղ նաև Տարվա լավագույն դասական երաժշտական խումբ ճանաչվեց "Հովեր" պետական երգչախումբը։

2018թ.-ի ապրիլի 28-30-ը երգչախումբը մեկնեց Մոսկվա մասնակցելու Գերգիևյան "Զատկի փառատոն"-ին:

2018թ.-ի մայիսի 7-ին Պենդերեցկու 85-ամյակի շրջանակներում կայացավ "Հովեր"-ի և "Կրակովի երգիչներ" երգչախմբի հետ համատեղ ելույթը: Համերգը ղեկավարեց Մաչեյ Տվորակը: Իսկ հոկտեմբերի 30-ին նույն կազմով ելույթ ունեցան Լեհաստանում՝ կատարելով հեղինակի "Te Deum" ստեղծագործությունը:

2018թ.-ի մայիսի 9-ին Շուշիի Վերածննդի հրապարակում կայացավ Համահայկական նվագախմբի "Վերածննդից հաղթանակ" խորագրով համերգը, որին մասնակցեցին "Հովեր" և Արցախի երկու կամերային երգչախմբերը: Նույն համերգային ծրագիրը կրկնվեց նաև մայիսի 14-ին՝ Երևանի Օպերայի և բալետի թատրոնում:

2018թ.-ի մայիսի 28-ին Հանրապետության հրապարակում երգչախումբը մասնակցեց Սարդարապատի 100-ամյակին նվիրված մեծ համերգին, որին մասնակցում էին նաև Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, Հայաստանի, Երևանի և Օպերայի ակադեմիական թատրոնի երգչախմբերը:

2018թ.-ի հունիսի 9-ին և 10-ին կայացել է "Ավրորա" մարդասիրական նախաձեռնության միջոցառումը (Խոր Վիրապում) և մրցանակաբաշխությունը (Երևանում), որտեղ ելույթ է ունեցել "Հովեր" երգչախմբի "Լե" իգական կազմը:

2018թ.-ի հունիսի 26-ին կայացել է "Խմբերգային Շեքսպիր" խորագրով համերգը:

2018թ.-ի հուլիսի 8-ին մասնակցել է "Ոսկե ծիրան" մրցանակաբաշխությանը:

2018թ.-ի հուլիսի 9-ին համատեղ համերգով հանդես են եկել "Հովեր"-ը և "Մուզիկա Տրեյզե" անսամբլը:

2018թ.-ի օգոստոսի 29-ին Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ մասնակցել է Պուչինիի "Թիկնոցը" և Լեոնկավալոյի "Պայացները" օպերաների համերգային կատարմանը:

2018թ.-ի սեպտեմբերի 7-9-ը "Հովեր"-ը մեկնել է Չելյաբինսկ մասնակցելու Հարավուրալյան հոգևոր երաժշտության 3-րդ փառատոնին:

2018թ.-ի հոկտեմբերի 2-ին կայացավ "Կոմիտաս" փառատոնը, որտեղ հնչեց բացառապես Կոմիտասի երաժշտությունը:

2018թ.-ի հոկտեմբերի 4-ին Հանրային ռադիոյի ձայնագրման ստուդիայում ձայնագրվեց ՀՀ օրհներգը և Է. Հովհաննիսյանի "Էրեբունի Երևան" ստեղծագործությունը:

2018թ.-ի հոկտեմբերի 7-ին Հառիճավանքում "Կոմիտաս" փառատոնի շրջանակներում հնչեց հեղինակի Սուրբ Պատարագը:

2018թ.-ի հոկտեմբերի 11-ին Հանրապետության հրապարակում մասնակցեց Ֆրանկոֆոնիայի միջոցառմանը:

2018թ.-ի հոկտեմբերի 21-ին մասնակցություն "Էրեբունի Երևան" միջոցառմանը:

2018թ.-ի հոկտեմբերի 25-ին մասնակցություն Պուչինիի "Մադամ Բաթերֆլայ" օպերայի համերգային թատերականացված կատարմանը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ: Դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան:

2018թ.-ի նոյեմբերի 28-ին Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոնում մասնակցություն "Բարեգործության տարեգրություն" խորագրով համերգին: 

2018թ.-ի դեկտեմբերի 2-ին պետական կամերային նվագախմբի հետ համատեղ համերգ՝ Վ. Մարտիրոսյանի ղեկավարությամբ: Համերգին հնչեց Բրուքների Ռեքվիեմը:

2018թ.-ի դեկտեմբերի 24-ին պետական կամերային նվագախմբի հետ համատեղ տոնական համերգ՝ Վ. Մարտիրոսյանի ղեկավարությամբ:

2018թ.-ը եզրափակվեց Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում կայացած "... և մի տարեվերջի անլուրջ համերգ" խորագիրը կրող համերգով:

"Հովեր"-ը շարունակում է ներկայացնել նորանոր ծրագրեր, որոնք միտված են նպաստելու ժամանակակից խմբերգային արվեստի զարգացումներին` հարստացնելով հայ խմբերգային երաժշտության ներկապնակը: